Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը ցուցարարներից պահանջել է ազատել նախարարության շենքը: Հակառակ դեպքում նա սպառնացել է դիմել իր գործընկերներին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամներին՝ պահանջելով քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը, գրում է Взгляд-ը:
Նա հավելել է, որ եթե շենքը չազատեն, նա կդիմի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ խնդրելով դադարեցնել ընդդիմության հետ բանակցությունները: Լուկաշի խոսքով՝ գրաված շենքում համաներման մասին օրենքի և Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծերի շուրջ աշխատանք էր իրականացվում:
Լուկաշն ավելի վաղ հայտարարել էր, որ ծայրահեղականները շենքում մահակներով կոտրում են լուսանկարները և անձնական իրերը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները գրավել են Արդարադատության նախարարության շենքերից մեկը, որը գտնվում է Անկախության հրապարակի մոտ. դա արվել է տաքանալու և գիշերն այնտեղ քնելու նպատակով:
«Իրավապահների խնդրանքին՝ ներս մտնել շենք՝ դեպքի վայրը զննելու նպատակով, դիմակներով և սաղավարտներով երիտասարդները՝ զինված փայտե և մետաղական ձողերով (մոտ 50 մարդ), կտրականապես հրաժարվել են: Ընդ որում՝ նրանք հայտարարել են, որ պետական հաստատությունը գրավել են ակտիվիստների տաքանալու և գիշերը քնելու համար»,-հայտնել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ շաբաթ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում էր անցկացրել ընդդիմության առաջնորդների հետ և նրանցից մեկին՝ Արսենի Յացենյուկին, առաջարկել վարչապետի պաշտոնը, իսկ Վիտալի Կլիչկոյին՝ փոխվարչապետի։ Վերջիններս չեն ընդունել առաջարկը, սակայն չեն էլ մերժել։