Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար «եկել է հարմար ժամանակը», գրում է ria.ru-ն:
«Ես այժմ հետևում եմ, թե ինչպես են և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը հասել այն փուլին, երբ տվյալ հարցը հարկավոր է լուծել՝ քանդելով հակասությունների հանգույցը: Անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, դա ցանկանում են նաև եվրոպացի առաջնորդները: Այդ քայլի համար հիմա հարմար ժամանակն է»,- ասել է Ղազախստանի նախագահը «Ռոսիա- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նազարբաևը նշել է, որ գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերն Ուկրաինայի շուրջ իրավիճակի լուծմանը նպաստելու համար:
«Երբ ինձ խնդրում են միջնորդել, ես չեմ ափսոսում ո՛չ ժամանակս, ո՛չ ուժերս, հանդիպումներ եմ անցկացնում, կոչ եմ անում կողմերին բանակցել: Այս իրավիճակում երկրների ղեկավարները միշտ կարող են ընդհանուր լեզու գտնել փոխզիջման պայմաններում: Այստեղ անլուծելի խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է նա: