Հայաստան 

Ուղղաթիռի խոցումը վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության նպատակների մասին. Ր. Հովհաննիսյան

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը Արցախի ուղղաթիռի խոցումը: Դա պետք է դատապարտվի ոչ միայն հայի, այլև՝ մարդկության կողմից: Դա վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության որակի և նպատակների մասին, Ադրբեջանը պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային քայլի համար. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին, որին մոտ գալ նույնիսկ ԵԱՀԿ դիտորդներին չի հաջողվում:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքն ուղղեց նաև հայկական կողմին և պատասխան պահանջեց, թե ինչու են զորավարժություններն այդքան մոտ անցկացվում Ադրբեջանի սահմանին:

«Որևէ պատճառ չկա, որ Արցախի ուղղաթիռը 150 մ մոտիկությամբ զորավարժության մասնակցեր, սա ևս պատասխան է պահանջում արդեն հայկական կողմից, թե ինչպես է լինում, որ Արցախի դիրքերից 350 մ հեռավորության վրա է թռիչք կատարել, իսկ հայկական կողմից հեռավորությունը 150 մ է: Այս հարցը բաց է, բոլորի մտքերի մեջ է և պատասխան է պահանջում»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն առանց անուն տալու՝ անդրադարձավ Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցչին, ով, ըստ նրա, խոսել էր ռուսական ծածկագրերից ու կոդերից:

«Կարող է, ճիշտ է, ինքը ավելի տեղեկացված է, բայց ով ծածկագրերից է խոսում, գիտի, որ կարող են երկկողմանի բացվել, և ակնհայտ է, որ հայկական ինքնաթիռը խոցվեց ռուսական հրթիռով, իսկ կոդերը միակողմանի չեն բացվում»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե իր և «Ժառանգության» տեսակետը՝ Արցախի ճանաչման մասին, հայտնի է։ «Առ այսօր որևէ փոփոխություն չկա. 23 տարի ամենուր ասում ենք նույն բանը, դեմ դիմաց պետք է ճանաչվի, Կոսովոյից ու մնացած երկրներից առաջ: Անվտանգությունը պետք է լուծվի հիմա, այլ ոչ թե հաջորդ ուղղաթիռից հետո»,-ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ իրենք նույն համոզման են, որ Հայաստանը արևմտյան քաղաքակրթությանն է պատկանում և իրենք դեմ են ԵՏՄ-ի անդամակցությունը, կողմ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի Իրանի, Չինաստանի հետ երկկողմ ռազմավարական համագործակցությանը, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա:

Նույն շարքից