Հասարակություն 

Ուշադրություն.Լրագրող ներկայացող խարդախը

Analitik.am-ը հրապարակել էր մի նյութ, որը վերաբերում էր 2012թ-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքին: Այսօր խմբագրություն այցելեց տուժածի եղբայր (ոչ հարազատ) Ա. Եդիգարյանը, ով ներկայացրեց մեզ մի պատմություն, որը առնչվում է այդ դեպքի լուսաբանման հետ:


Ըստ Եդիգարյանի, ոմն Վահան Մարտիրոսյան, ով ի սկզբանե հանդես է եկել որպես տուժողի շահերը հասարակության առջև  պաշտպանող անձ, երկար ժամանակ է, ինչ  համագործակցում տուժողի հետ՝ ներկայանում վերջինիս անունից, մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ տալիս և այլն: Այս գործունեության արդյունքում  ձեռք բերելով  տուժողի ընտանիքի  վստահությունը, Վահան Մարտիրոսյանը տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է պահանջում  տուժողի ընտանիքից՝ պատճառաբանելով,  որ այդ գումարները վճարում է տարբեր լրագրողներին և ԶԼՄ-ներին, որպեսզի վերջիններս չխայտառակեն աղջկա անունը : Խոսքը վերաբերում է ոչ միայն analitik.am-ին, այլ բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են այս թեմային:

 


Կոնկրետ analitik.am-ի մասով տեղի է ունեցել հետևյալը՝  խմբագրություն է ուղարկվում մի նյութ, որը վերաբերում է բռնաբարության դեպքի մանրամասներին, կից խնդրանքով, որպեսզի խմբագրությունն օգնի վերականգնել արդարությունը: Լինելով օբյեկտիվ և անաչառ լրատվամիջոց, մենք իհարկե հրապարակում ենք ուղարկված  նյութը: Այնուհետև  մեզ անհայտ Վահան Մարտիրոսյանը խմբագրության անունից բանակցություններ է վարում տուժողի ընտանիքի անդամների հետ՝ ասելով, որ իբր մեր խմբագրությունը գումար է պահանջում նյութը հանելու համար: Երկու օր շարունակ Վահանը պատրանք է ստեղծում, որ իբր բանակցում  է  մեր կայքի խմբագրության հետ: Այդ ընթացքում Ա. Եդիգարյանը, իր խոսքերով, ապացույցներ է ձեռք բերում, որ Վահանը խարդախության միջոցով ուղղակի ցանկանում է շորթման փորձ կատարել:



Ինչևէ Ա. Եդիգարյանն այցելելով մեր խմբագրություն, հաշվի առնելով գործի հետ կապված բազմաթիվ նրբություններ, խնդրեց կայքից հեռացնել մեր հրապարակումը, ինչը մեր խմաբագրությունը սիրով  ընդառաջեց:

 


Analitik.am-ի խմբագրությունը կոչ է անում՝


Իրավապահ մարմիններին՝ սույն հրապարակումը  ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում  և հետամուտ լինել , որպեսզի կանխվի Վահան Մարտիրոսյանի հակաօրինական գործողությունները, որոնք միտված են իր հետ բացարձակ կապ չունեցող կազմակերպությունների բարի համբավը արատավորելուն:

 


Մեր գործընկեր ԶԼՄ-ներին՝ զգույշ լինել կասկածելի մարդկանց հետ շփումներից, քանզի վերջիններս կարող են օգտագործել նրանց  անունը՝ իրենց ոչ օրինական և բացառապես շահադիտական նպատակների համար՝ փորձելով շարժել նրանց մասնագիտական հետաքրքրասիրությունը:

 


Քաղաքացիներին, ովքեր երբևէ որևէ հարց, առաջարկություն կամ խնդիր կունենան կապված analitik.am-ի  գործունեության հետ, դիմել բացառապես խմբագրություն՝ կայքի ներքևում նշված կոնտակտային տվյալների միջոցով, քանզի մենք որևէ պատասխանատվություն չենք կարող կրել ինքնակոչ մարդկանց գործունեության համար և որևէ մեկին երբևէ չենք լիազորել մեր անունից հանդես գալ:

 


Մենք ունենք աշխատանքային բացառապես թափանցիկ և օբյեկտիվ սկզբունք՝ մեր կայքում երբևէ չճշտված տեղեկատվություն չհրապարակելու: 

Նույն շարքից