Բրիտանական Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալի շրջանակներում Չեխիան արտաքսելու է ոչ թե ռուսաստացի դիվանագետներին, այլ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը.
««Դիվանագետ» տերմինը սխալ է ասված: Մենք իրականում նրանց պետք է անվանենք չհայտարարված հետախույզներ: Եվրոպայի երկրների թվում Չեխիայում ամենաշատը նման մարդիկ կան»,-գրել է Բաբիշը՝ հավելելով՝ նրանք, ովքեր կարծում են, թե այդ մարդիկ լավ գործ են անում Պրահայի համար, սխալվում են. «Բացի դրանից, ռուսական կողմը հայտարարեց, թե «Նավիչոկ» թույնն արտադրվում է մեզ մոտ: Սա կեղտոտ սուտ է»:
Չեխիայի վարչապետը հավելել է, որ Լոնդոնը կարող է հույս դնել իրենց վրա՝ նշելով, թե իրենք պետք է անեն այնպես, որ Եվրոպան միասնական ու ուժեղ մնա, իսկ Բրիտանիան ՆԱՏՕ-ի անդամ է և Չեխիայի կարևոր գործընկերներից մեկը: