Հայաստան 

Պարգևատրման հանդիսավոր արարողություն` ՀՀ նախագահի նստավայրում

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին

 

 

Հարգելի՛ պարգևատրվածներ,

 

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:

 

Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:

 

Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:

 

Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:

 

Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել:

Նույն շարքից