Քաղաքական 

Պարոն Փաշինյանն ասել է, որ խոսելու է միայն Հայաստանի անունից. Արցախը դեմ չէ Փաշինյան-Ալիև շփումներին

Այսօր՝ մարտի 13-ին, Երևանում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:

Հանդիպումից հետո պարոն Մայիլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Լայչակին ներկայացրել են այն բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է Արցախը դառնա բանակցային կողմ՝ հավելելով, որ իրենց պատասխանները սպառիչ և ընկալելի են եղել:

Ինչ վերաբերում Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպմանը, թե ինչ ակնկալիքներ ունեն Արցախում այդ հանդիպումից, Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումները կարևոր են, պետք է շարունակվեն. «Պարոն Փաշինյանն ասել է, որ այդ հանդիպումների ժամանակ խոսելու է Հայաստանի Հանրապետության անունից, քանի որ լիազորված չէ Արցախի անունից խոսել: Այս առումով նորմալ է, շփումները պետք է շարունակվեն: Նաև զուգահեռաբար եռակողմ ձևաչափի վերականգնման  հարցն է քննարկելու պարոն Փաշինյանը: Այս առումով ամեն ինչ նորմալ է»:

Հարցին, թե մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում արդյո՞ք քննարկվել է Փաշինյանի Արցախի անունից խոսելու լիազորություն տալու թեման, Մայիլյանը նշել է, որ այդպիսի հարց չի քննարկվել. «Բայց նաև ասեմ, որ ԱԽ-ն կրում է փակ բնույթ, ես չեմ կարող ասել օրակարգը: Կարող եմ հաստատել, որ որևէ մանդատ տրամադրելու խնդիր չկա: Նույն նիստի ժամանակ բացման խոսքում պարոն Փաշինյանն ասաց, որ խոսելու է միայն Հայաստանի անունից»:

Նույն շարքից