Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրին (ՄՓՀԱՊ) չմիացած երկրներին կոչ է արել քաղաքական կամք դրսեւորել եւ ստորագրել փաստաթուղթը: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Ուղերձում Պուտինը նշել է, որ 2016 թվականին լրանում է Պայմանագրի ստորագրման բացման 20 տարին: Նա «տագնապով փաստել է», որ փաստաթուղթը մինչեւ հիմա ուժի մեջ չի մտել:
«Այդ առումով հատուկ պատասխանատվություն են կրում ութ պետություններ, որոնց վավերացումը կարեւոր է պայմանագրի ուժի մեջ մտնելու համար: Այդ պետությունների մոտ պայմանագրի լիարժեք անդամ դառնալու ցանկության բացակայությունը լուրջ ափսոսանք է առաջացնում, առավել եւս հաշվի առնելով, որ նրանցից որոշներն առաջնորդության եւ նույնիսկ գլոբալ անվտանգության հարցերի լուծման հատուկ իրավասությունների հավակնություններ ունեն»,- ասված է Պուտինի հայտարարությունում:
Ներկայում ՄՓՀԱՊ-ին միացել է ավելի քան 183 պետություններ, այն վավերացրել են նաեւ 164 երկրներ: Ռուսաստանը պայմանագրին միացել է 2000 թվակականին: Պայմանագիրը չեն վավերացրել, մասնավորապես, ԱՄՆ-ն, Չինաստանը, Իսրայելը, Իրանը եւ Եգիպտոսը: Փաստաթուղթը մինչեւ հիմա չեն ստորագրել Հնդկաստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան: