Քաղաքական 

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. Վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել և ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները: «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության և վերլուծության առումով: Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի և Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ՝ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ: Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»,-նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վարչապետը հանձնարարել է քննարկել Զբոսաշրջության պետական կոմիտեի և Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած առաջարկությունները՝ վիզաների հայեցակարգի վերաբերյալ. «Խնդրում եմ քննարկեք այդ հարցը և լուծում տվեք: Նաև համեմատեք մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:
Կառավարությունն ընդունել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին» որոշում: Որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է: Հիմնադրամի նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը: Կարեն Կարապետյանը կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը և նշել. «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ոնց ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլն»:
Գործադիրն ընդունել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները։

Նույն շարքից