Հայաստան գլխավոր 

ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական է պատասխանել Շիրակի մոտ 2.000 դիմումատուից 600-ին

Շիրակի մարզից ՌԴ միգրացիոն պետական ծառայություն ուղարկված  մոտ 2 հազար դիմումներից 600-ն ստացել է դրական պատասխան: Հուլիսի 1-ի դրությամբ՝ Շիրակի մարզի  79 համայնքից ՀՀ  միգրացիոն ծառայություն, այնտեղից էլ  ՌԴ  միգրացիոն ծառայության  պետի անունով՝ ՌԴ մուտքի արգելափակումները հանելու խնդրանքով    ուղարկվել է  շուրջ 2 հազար դիմում, որից 300-ը կրկնվող դիմումներ են:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզի տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու  Սամվել Գրիգորյանն ասել է, որ դրական պատասխանների թվի կտրուկ ավելացում է նկատվել ՌԴ Պետդումայի պատվիրակության Շիրակի մարզ կատարած այցից հետո:

«Եթե մարտի դրությամբ ունեցել ենք 370 դրական պատասխան, ապա մարտին, ՌԴ պատվիրակության այցից հետո, անմիջապես կտրուկ փոփոխություն է եղել, և դրական դինամիկան բավական բարձր է: Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ կա 600 դրական պատասխան: Մերժվողների թիվը  մոտ 800 է: Կա մոտ 100 դիմումատուի գործ, որոնց մերժումն արդեն դատարանի միջոցով է կատարվել, և այլևս միգրացիոն ծառայության իրավասության ներքո չէ, իսկ  137 քաղաքացիների վերաբերյալ ՌԴ միգրացիոն ծառայությունը տեղեկատվություն չի տնօրինում»,- նշել է Սամվել Գրիգորյանը՝ փաստելով, որ այս տվյալները միայն Շիրակի մարզպետարանի ստացած տվյալներ են, կան նաև դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայությունից քաղաքացիներին պատասխանում են՝ անմիջապես  փոստի միջոցով:

Գործընթացը այս պահին ևս շարունակվում է. Շիրակ մարզպետարանում ամեն օր 4-5 դիմում է ներկայացնում  ՀՀ միգրացիոն ծառայություն:

«Նախորդ ամիսների համեմատ այս դիմումների թիվը բավական քչացել է: Դիմումների մեծ հոսք գրանցվեց  հենց գործընթացի սկզբում՝ 2014 թվականի հունիս-հուլիսին: Գործընթացն ավելի կանոնակարգվեց 2015 թվականի հունվարից: Գործընթացը ժամանակատար է՝ մարզպետարանից՝ ՀՀ միգրացիոն ծառայություն, այնտեղից էլ ՌԴ միգրացիոն ծառայություն և նույն ճանապարհով էլ հետ. դա է պատճառը, որ շատ դեպքերում պատասխանները մի փոքր ձգձգվում են»,-եզրափակել է Սամվել Գրիգորյանը:

Նույն շարքից