5 տարի առաջ, երբ Ռուսաստանը սառեցրեց ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, կարողացավ ռազմական համագործակցության պայմանագիր կնքել 39 երկրների հետ:
«Այդ ժամանակահատվածում 39 նոր համաձայնագիր է ստորագրվել ռազմական համագործակցության մասին՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ասիայի-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ»,- այս մասին գրել է «Красная звезда» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինին:
Նա նաև նշել է, որ ռուսական բանակի հեղինակության ամրապնդումը կարևորվում է այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցերի միջոցով:
Միևնույն ժամանակ, համագործակցության սառեցման հետ կապված ՆԱՏՕ-ի երկրների հետ շփումները չեն զրոյացվել: Մասնավորապես, քննարկվում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև Սիրիայի հարցը, ընդգծել է Ֆոմինը:
«Մենք մեր ընկերների հետ փոխհարաբերությունները չենք կառուցում ուժային դիրքից, մենք չենք սպառնում նրանց պատժամիջոցներով և ֆինանսական նախագծերի դադարեցմամբ: Այլ կերպ ասած, շանտաժի միջոցով համագործակցությունն անընդունելի է մեզ համար»,-ասել է Ֆոմինը: