Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ չեն տվել մասնակցել «ԱՄՆ-ի վրացիների» ամենամյա փառատոնին, որն ԱՄՆ ներգաղթած վրացիներն անցկացնում են Նյու Յորքում և որտեղ տեղի է ունենում որոշակի հաջողությունների հասած անձանց պարգևատրումը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Վրացական լրատվամիջոցները՝ ներգաղթյալներին հղումով, տեղեկացնում են, որ Բրուքլինում տեղի ունեցած հանդիպմանը ժամանել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի հայտնվելը միանշանակ չի ընդունվել հավաքվածների կողմից։
Նրանց մի մասն ի նշան բողոքի լքել է դահլիճը։
«Մենք քրիստոնյա ենք, թող գա, նստի, սակայն փորձել են ընդհատել Թբիլիսիից հրավիրված անսամբլի ելույթը, որ Միշան ելույթ ունենա»,- ասել է ներգաղթյալ Շորենա Տետրաուլին։
Նա նշել է, թե իրենք Սաակաշվիլիին լսել են 9 տարի շարունակ, և արդեն չեն ցանկանում լսել, թե ինչ է արել ինքը և թե ինչպես է այժմ ամեն ինչ փչանում։ «Մենք այնքան կույր չենք, որքան մտածում են ոմանք, կարծելով, որ մենք չենք տեսնում և չենք վերլուծում, թե ինչ կար առաջ և ինչ է կատարվում այսօր։ Ոչ մի նախկին նախագահ այդքան չի խոսում»,-ասել է Տետրաուլին։
Նրա խոսքով՝ հավաքվածների մոտ կեսը ցուցադրաբար հեռացել է դահլիճից այն պահին, երբ կազմակերպիչները հայտարարել են, որ անսամբլի երգից հետո ելույթ կունենա Սաակաշվիլին։
«Այդ ժամանակ մարդիկ սկսեցին բղավել «հեռացի՛ր, հեռացի՛ր» և ծափահարել անսամբլին, որպեսզի շարունակեն երգել և Միշային խոսափողին մոտենալու հնարավորություն չտան»,-ասել է վրացի ներգաղթյալը։
Սաակաշվիլին այդպես էլ խոսափողին մոտենալու հնարավորություն չի ունեցել։
Նա անցյալ տարվա նոյեմբերից լքել է Վրաստանն ու ժամանակավոր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։