Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Պետք է ժամկետների մեջ տեղավորվենք: Կա սահմանված կարգ, որ բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի ԱԺ քննարկումներից հետո: Հավանաբար դեկտեմբերի առաջին տասնօրյակում կդրվի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ հասարակությունը դրական է տրամադրված Սահմանադրական բարեփոխումների նախագծի նկատմամբ:
«Դինամիկան գնում է դեպի դրականի, և հիմա էլ բավականին ժամանակ ունենք, իսկ քննարկումները բավականին արդյունավետ են և օգնում են հասարակությանը, քանի որ չիմացության պատճառով էր հակասական վերաբերմունքը: Մարդիկ կամաց գիտակցում և ընկալում են, որ պետք են բարեփոխումներ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: