Հայաստան Քաղաքական 

Սահմանադրական փոփոխություններ կարող է տեղի չունենան. Փաշինյանի ասածը պետք է ընդունել որպես ի գիտություն

«Սահմանադրական փոփոխություններն ինքնանպատակ չեն, կարող են լինել այլ լուծումներ, որոնք օրակարգից կհանեն բոլոր հարցերը: Սահմանադրական փոփոխությունները տարբերակներից մեկն է: Բայց ես ուզում եմ ասել, որ որևէ պարագայում, որևէ գործողություն, որևէ քայլ չի կարելի դուրս դնել սահմանադրության, սիրո և համերաշխության շրջանակներից»,-այսօր՝ օգոստոսի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հանրահավաքում իր կողմից արված հայտարարությանը, որ ինքը  սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնելու:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանում հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի.  «Պետք է լինեն հարցեր, որոնք պետք է լուծվեն հանրաքվեով, որովհտեև ի վերջ մեր հանրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեսավ, որ  ինքը կարող է որոշումներ կայացնել: Հիմա մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան կարևորագույն հարցերի վերաբերյալ իր տեսակետը հայտնել: Մենք հանրաքվեների ինստիտուտը պետք է ուժեղացնենք»:

Հարցին, թե երբ է պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնել, վարչապետը նշեց, որ Հանրապետության հրապարակում իր ասածը պետք է ընդունել որպես ի գիտություն, դա տարբերակներից մեկն է. «Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակն անշրջելի է: Ես բոլորին կոչ եմ անում գործողություն չձեռնարկել այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար: Հայաստանում ժողովուրդը թույլ չի տա կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության վերադարձ: Այս հարցը խորհուրդ չեմ տալիս դարձնել օրակարգի հարց: Սա չի բխում ՀՀ-ի շահերից և մտածողության այս վեկտորը Հայաստանում չունի հեռանկար, երբեք չի ունենալու»:

 

Նույն շարքից