Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հրապարակված Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի 14-րդ գլուխը վերաբերում է Կենտրոնական բանկին, որը գործող Սահմանադրությամբ կարգավորվում է երրորդ՝ «Ազգային ժողով» գլխի 83.3 հոդվածով:
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներն ու պարտականությունները թե՛ գործող Սահմանադրությամբ, թե՛ ներկայացված հայեցակարգում նույնն են, սակայն փոփոխվել է ԿԲ նախագահի նշանակման կարգը:
Եթե գործող Սահմանադրությամբ ԿԲ նախագահը նշանակվում է ՀՀ Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով, ապա հայեցակարգի համաձայն Կենտրոնական բանկի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Երկու դեպքում էլ ԿԲ նախագահը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել նույն պաշտոնում:
Ի դեպ, հայեցակարգը հստակ նշում է, թե ով կարող է լինել ԿԲ նախագահ՝ «Կենտրոնական բանկի նախագահ կարող է ընտրվել այն քաղաքացին, ով բավարարում է պատգամավորին ներկայացվող պահանջները: Կենտրոնական բանկի նախագահի վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները»:
Հայեցակարգը 200 հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ Կենտրոնական բանկի նախագահն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի:
Համապատասխանաբար փոփոխվել է նաև ԿԲ նախագահի պաշտոնանկ անելու կարգը: Ներկայիս Սահմանադրությամբ օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել Կենտրոնական բանկի նախագահին: Սահմանադրության հայեցակարգը սահմանում է, որ Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ: