Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն իր նիստերում քննարկել է կառավարման համակարգին, այսինքն՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող գլուխները: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկվել է նաև Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը, որը վերաբերվում է դատական իշխանությանը:
«Արդեն կա նախնական նախագիծ, որը մենք մոտակա ժամանակներս նորից կուղարկենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին: Մենք նախատեսում ենք, որ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ մենք անդրադարձ կկատարենք առաջինն այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում և հետո արդեն ավելի մանրամասն կանդրադառնանք կառավարման համակարգին վերաբերվող երեք և դատական իշխանության գլուխներին»,- ասել է Վ.Պողոսյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ սահմանադրագետը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Փարիզում մայիս ամսին քննարկվել են Սահմանադրության նախագծի առաջին երեք գլուխները՝ «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում