Հայաստան Քաղաքական Բարի օր 

Սա բոստան չէ, ինչու է Փաշինյանն ամեն անգամ գոռգոռում, ասֆալտին փռում. Բաբաջանյան

Մի տեսակ մսուր-մանկապարտեզային քարոզարշավի տպավորություն է թողնում, ինչը երևի թե ունի իր օբյեկտիվ պատճառները: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցող Վարուժան Բաբաջանյանը՝  խոսելով քարոզարշավի մասին:

Բաբաջանյանի խոսքերով, դրա պատճառը հնարավոր է այն, որ ցուցակներում կան մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվել, պատահականորեն են հայտնվել ցուցակներում. «Ընդհանուր առմամբ տխուր տպավորություն է անորակ սկսված քարոզարշավից»:

Բաբաջանյանը հայտնեց, որ նոյեմբերի 26-ին հասցրել է մեծ հանդիպում ունենալ մանկավարժների հետ, ինչն ավանդաբար արել է. «Երևի թե իմ մեջ մանկավարժն է խոսում: Ես ավանդաբար հանդիպում են մանկավարժների հետ, քննարկում խնդիրները»:

Հարցին, թե կիսում է արյդո՞ք ինքը տեսակետը, որ բոլոր ժամանակներում էլ իշխանություններն իրար նման են, ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Բաբաջանյանն ասաց, որ ինքն այսօր չի տեսնում իշխանական լծակների օգտագործման մասով պետական հրահանգ, սակայն կա իներցիա. «Ես տեսնում եմ տասովչիկների, թաղային հեղինակություն կոչվածների կողմից վարչական լծակի օգտագործում: Սակայն դա իներցիայով է արվում: Վերևից հրահանգ ես չեմ տեսնում»:

Քարոզարշավն անորակ է առաջին հերթին նրա պատճառով, որ կրկին պետական ապարատը ոտքի փալաս է սարքվում. «Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ երևույթից հետո վրդովվում ու սկսում գոռգոռալ: Չի կարելի: Ի վերջո դու այս պետության ղեկավարն ես, բոլորի ղեկավարն ես: Բոլորն էլ ՀՀ քաղաքացի են: Բա ինչու է պետությունը սնունդով ապահովում բանտում գտնվող հանցագործին, դե թող սովամահ անեն, բայց չէ, նա ՀՀ քաղաքացի է: Նա մեր սխալված քաղաքացին է: Սա պետություն է, սա բոստան չէ, չի կարելի ամեն անգամ կանգնել գոռգոռալ, ասֆալտին փռել: Խորհրդականներ չունի՞: Ես սրտացավորեն եմ դա ասում: Իմ սիրտն ամեն անգամ ցավում է:  Այդ մադը պետք է լինի այս պետության սթափության երաշխավորողը: Հիմա էլ ասում են ստուգումներ անենք բանակի պահեստներում, արեք դա առանց էմոցիաների, ստուգեք, եթե հանցագործություն կա, դատեք: Հետո էլ խոսում են ներդրումների մասին, չեն կարող ներդրումներ լինեն այսպիսի պայմաններում: Մանկական տունտունիկի նման է: Մարդիկ գնում են գյուղեր ու իրենց միակ ֆիշկան այն է, որ Նիկոլի կողքին են: Դա գալիս է նրանից, որ վարչապետը հայտարարում է՝ ընտրում են վարչապետ, ոչ թե խորհրդարան: Խորհրդարանական երկրում չի կարելի նման բաներ ասել: Բա լավ վարչապետը, որ հրաժարական տվեց, խորհրդարանն է ախր ղեկավարելու երկիրը, իսկ մարդիկ դատարկ թերթիկ են ընտրում, դրա համար էլ անլուրջ է քարոզարշավը»:

Նույն շարքից