ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում հրաժարվել առաջիկա օրերին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից:
Այս առնչությամբ միության տարածած հայտարարությունում ասվում է.
«Ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 20-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակում են գործել Արցախի Պաշտպանության Բանակի դիրքապահների ուղղությամբ, որի հետեւանքով արիաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այսօր բովանդական Հայաստանն ու հայ ժողովուրդը սգում է Արմենի ծանր կորուստը:
Միեւնույն ժամանակ մեր համոզմունքն ենք արտահայտում, որ ադրբեջանական ագրեսիայի այս լույսի ներքո անթույլատրելի է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ հակառակորդի ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպումը, որը ծրագրված է առաջիկա օրերին: Թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական առումներով այդ հանդիպումը ոչինչ չի տա հայկական կողմին, ավելին, այն ստորացուցիչ է՝ տեղի ունեցած լկտի սադրանքի համատեքստում:
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել առաջիկա այդ հանդիպումից եւ պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հստակ գնահատական տալ ադրբեջանական այս գործողությանը՝ ի լուր աշխարհի դատապարտելով այն»: