Սահմանադրական դատարանի վճիռը ծափերով ողջունած, դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ թեև բարձր դատարանը իր բարձունքի վրա էր, այնուամենայնիվ, իրավակիրառման առումով չի շտապում կոնկրետ մեկնաբանություններ անել:
«Որոշումն ամբողջությամբ ստանանք, ուսումնասիրենք նոր, որովհետև Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ, Սահմանադրական դատարանը գործադրեց դրանք որոշակի ժամկետ հետո, էսպես ասած, ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է այս պահին առաջացնել, դրա համար, եկեք չշտապենք, կարևորն այն է, որ հստակ է, որ Սահմանադրության նորմերին հակասող մեր փաստարկները ճիշտ էին, և շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեց դա»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ մինչև սեպտեմբեր, փաստորեն, այդ նորմը, որը հակասահմանադրական ճանաչվեց, կիրառվելու է:
Ինչ վերաբերում է իրավական կիրառման նորմերին, ապա դաշնակցական պատգամավորն ասաց, որ դրանց կանդրադառնան վերջնական տեքստը ստանալուց հետո ու դրա հիման վրա, և չի բացառվում, որ դիմող կողմը դատական հայցերի նոր փուլ սկսի:
Ի պատասխան հարցի, թե որոշումը բավարարում է, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց. «Մենք պիտի ուսումնասիրենք , նոր պատասխանենք։ Դա բարդ փաստաթուղթ ա»: