Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնացել է Իջևան և այցելել դեպքի վայր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այնուհետև պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման եւ զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ եւ հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար: