Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը:
Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի եւ գործըկեր պետությունների միջեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության եւ ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաեւ կնպաստի Հարավային Կովկասի եւ մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմմանը: