Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին:
«Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարեւան եւ գործընկեր երկրների համար:
Մենք շահագրգիռ ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարեւորագույն գործընկեր Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել՝ բացելով համագործակցության նոր հորիզոններ: Վերահաստատում եմ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված համապարփակ գործակցությունը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:
Վստահ եմ, որ մեր միջեւ սկիզբ առած կառուցողական երկխոսությունը եւ հայ-լեհական դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա խորացման վրա»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: