Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին:
Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման եւ կայացման, բանակաշինության գործում: Նրա անունն անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի կարեւորագույն մարտական գործողությունների նախապատրաստման եւ իրականացման հետ:
Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը եւ Հանրապետության նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարն իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունն ամբողջությամբ ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց բանակի հաղթանակներին:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին, Գուրգեն Դալիբալթայանի զինակից ընկերներին»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: