Հասարակություն 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գզողյանների ընտանիքին` գեներա-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա հայրենիքի նվիրյալ զինվորի, մեր լավագույն հրամանատարներից մեկի, իմ մարտական ընկերոջ` գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի անժամանակ մահվան մասին:

Անուրանալի է Ֆելիքսի ավանդը մեր զինված ուժերի կայացման, բանակաշինության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում: Նրա անունը անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների և հաղթանակների, այդ թվում` Շուշիի ազատագրման նախապատրաստման և իրականացման հետ: Գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի անցած ուղին, անձնական խիզախությունը, հայրենիքին նվիրվածությունը լավ օրինակ են սերունդների համար: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի զինակից ընկերներին և այս դժվարին պահին ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը:

Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար»:

Նույն շարքից