Հայաստան 

Սերժ Սարգսյան. Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է

Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանին: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Դիտարկմանը, թե Թուրքիան սահմանին կատարվող վերջին իրադարձությունների ժամանակ ամենաբարձր մակարդակով ցավակցություններ էր հայտնում միայն Ադրբեջանին, իսկ վարչապետ Էրդողանը հայ լինելը վիրավորական է համարում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բայց ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:

 

Խոսելով Էրդողանի մոտեցումներից՝ նախագահն ասել է. «Ես կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է:

 

Եվ մի բան էլ՝ շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նույն շարքից