Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է: Բոլոր նահանգներում մարտի մեկին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Perio Newsի ֆեյսբուքյան էջը, Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին:
Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում: Պատգամավորն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով: Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս: Քվեարկությունն անցկացվել է նոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում: