Եթե Թուրքիան շարունակի աջակցել Սիրիայի ընդդիմադիրներին և միջամտի երկրի ներքաղաքական հարցերին, ապա բացառված չէ, որ Սիրիան առաջիկայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ Սիրիան՝ ի դեմս նախագահ Ասադի, միշտ զուսպ քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, սակայն այլ է ներկա պատկերը։
«Չէր թույլատրվում մեծ միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, երկու երկրներին կոչ էր անում բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Սակայն երբ նույն Թուրքիան սկսեց մասնակցել Սիրիայում կատարվող պրոցեսներին, սիրիական իշխանությունները սկսեցին հարցն օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեթոդներից մեկը»,- ասաց նա:
Գևորգ Մելքոնյանը նաև ընդգծեց, որ այսօր Թուրքիան իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի՝ կամ տարածքային, կամ պատմական, ինչը Հայաստանը պետք է փորձի ի շահ իրեն օգտագործել:
«Թուրքիան իր բոլոր հարևանների նկատմամբ ունի տարածքային պահանջներ: Տեսեք՝ Սիրիան մի փոքր թուլացավ, անցավ տարածքային պահանջների ու սկսեց միջամտել ներքին քաղաքականությանը: Հայաստանը պետք է օգտագործի Թուրքիայի այլ ժողովուրդների նկատմամբ կատարած ցեղասպանության հանգամանքը ևս, այսպիսով եվրոպական ժողովուրդներին ցույց տալով, որ Թուրքիան չունի արևմտաեվրոպական արժեհամակարգը»,- ասաց նա: