Քաղաքական 

Սոցապնախարարը միայն հպարտ կլինի, եթե ինքը ևս համարվի պարտադիր կուտակայինի իրականացնող

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփեց անցած տարին, ներկայացրեց 2014-ի գերակա խնդիրները և անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ հայտարարեց. «Ես միայն հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ այդ բարեփոխումների իրականացնողը»:

Նախարարի վստահեցմամբ՝ իշխանություններն իրենց ծանրաբեռնված աշխատանքով իրականացնում են այն խնդիրները, որոնք կարևոր են երկրի համար, իսկ կենսաթոշակային համակարգի ռեֆորմը, որը 10 և ավելի տարիներ ՀՀ-ում քննարկվել է, ու այժմ հնչող այն տեսակետը, որ այդ ռեֆորմը չի կարելի հապշտապ ընդունել, որևէ հիմք չունի:

«Այս բոլոր խնդիրները ժամանակին բոլոր հետաքրքրվող խմբերի հետ շատ մանրամասն քննարկվել են, իսկ առարկայական արդյունքները կլինեն տարիների ընթացքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրա համար ընդունվել են հինգ տասնյակից ավելի օրենքներ, ձևավորվել են համապատասխան ենթակառուցվածքներ, սակայն ցանկացած նոր համակարգ, որը ներդրվում է, ունենում է խնդիրներ, որոնք, իհարկե, լուծում կստանան:

Թե ինչու է կառավարությունն այդպես համառորեն փորձում այդ ծրագիրը ներդնել 2014թ.-ին, այլ ոչ մեկ տարի ուշ, նախարարը չպատասխանեց:

Հունվարի 18-ի հանրահավաքի մասին նախարարն ասաց, որ ինքը դրան նայում է որպես քաղաքացիների մտահոգություններն արտահայտելու իրավունք: «Այդ առումով ես որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում և կարծում եմ, որ մեր քաղաքացիներն իրավունք ունեն նաև ստանալու իրենց մտահոգությունների պատասխանները, և մենք ամեն կերպ փորձում ենք այդ հարցերին պատասխանել»,- ասաց նա:

Նույն շարքից