Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) այսօր կայացած 8-րդ համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Իր ելույթում ՀԺԿ-ի առաջնորդն ասել է՝ «Երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, և ՀԺԿ-ի համար առաջնային է օրինական իշխանության ձևավորումը, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական և քաղաքական համախմբում»:
Ըստ ՀԺԿ ղեկավարի, ձևավորվել է կոռուպցիոն մի համակարգ, առանց որից ձերբազատվելու հնարավոր չէ ապահովել երկրի զարգացումը: «Կառավարության փոփոխությամբ իրավիճակը երկրում էապես չի կարող փոխվել»,- հայտարարել է ՀԺԿ ղեկավարը։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասել է, որ դրանք պետք է իրականացնի միայն օրինական իշխանությունը. «Ոչ թե Սահմանադրությունն է պետք անվերջ փոփոխությունների ենթարկել, այլ պետք է փոխել Սահմանադրությունը խախտող իշխանություններին»։
Դեմիրճյանը նշել է, որ իրենք շարունակելու և ընդլայնելու են համագործակցությունը մյուս ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի հետ: ՀԺԿ նախագահը հույս է հայտնել, որ իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի առաջիկա համապետական ընտրություններին:
Այսօրվա համագումարին այլ կուսակցություններից հրավիրյալներ չեն եղել: