Հայաստան 

Սփյուռքի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ 2015-ին կիրականացվեն 12 ուսումնասիրություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, վարել է նախարարին կից ատյանի 2014թ. վերջին նիստը: Օրակարգում են եղել ՀՀ ՍՆ 2015 թվականի աշխատանքային ծրագրի, ՀՀ սփյուռքի նախարարի կողմից 2014 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելության, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2015 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները: Նախարարության 2015 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցումով է հանդես եկել նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրին՝ պարոն Զաքարյանը նշել է, որ 2015թ. Սփյուռքի համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ կպատվիրվեն և կիրականացվեն 12 ուսումնասիրություններ և պատվերներ:



2015թ. կանցկացվեն մի շարք համահայկական, մասնագիտական համաժողովներ, որոնցից առանցքային նշանակություն կունենա «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը» խորագրով միջազգային  գիտաժողովը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվեն տասնյակ միջոցառումներ հայրենիքում և Սփյուռքում, որոնց թվում կանցկացվի տարածաշրջանային հանձնաժողովների` մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաքը Հայաստանում:     

                                                                                                           

Աշխատակազմի ղեկավարը խոսել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից համատեղ անցկացվող Համահայկական մրցանակաբաշխության մասին՝ նշելով, որ կառույցների և անհատների ունեցած ներդրումների գնահատման և խրախուսման նպատակով կանցկացվի առնվազն 3 մրցույթ:


ՀՀ սփյուռքի նախարարի կողմից 2014 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուզաննա Վիրաբյանը: Նա նշել է, որ նախարարության գործունեության առանձնահատկությամբ պայմանավորված՝ ՀՀ սփյուռքի նախարարը  քաղաքացիներին ընդունում է ամենօրյա ռեժիմով, և ընդունելությունների մասին յուրաքանչյուր ամիս տեղեկություն է տրամադրվում թե՛ ՀՀ Նախագահի աշխատակազմին, թե՛ ՀՀ կառավարությանը: Ռուզաննա Վիրաբյանը հավելել է, որ 2014թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է 750 քաղաքացու:


Ատյանի քարտուղար, նախարարության Քարտուղարության պետ Ա. Էլչիբեկյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի՝ տարվա ընթացքում անցկացված 11 նիստերի մասին հաշվետվությունը, որոնց ընթացքում քննարկվել է 40 հարց: Նշվել է, որ ատյանի նիստի՝ 2014թ. ծրագրով նախատեսված բոլոր հարցերը ներկայացվել են ատյանի անդամներին, և նրանց կողմից արված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ընդունվել է ի գիտություն: Կազմվել են ատյանի նիստերի արձանագրություններ, որոնց հիման վրա հանձնարարականներ են տրվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ որոշ դեպքերում դրանք արտացոլվել են նախարարի հրամաններում: Քարտուղարության պետը ներկայացրել է նաև 2015թ. Ատյանի ծրագրի նախագիծն՝ ըստ ամիսների:


Այլ ընթացիկ հարցերի քննարկումն ավարտելուց հետո. ՀՀ սփյուռքի նախարարը կրկին բարձր է գնահատել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծահամբավ խմբավար, ՀՀ ՍՆ Ատյանի անդամ Հովհաննես Չեքիջյանի ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նախարարը մաեստրո Չեքիջյանին պարգևատրել է ՀՀ ՍՆ և Վենետիկի Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի ավագ ռեֆերենտ Ջուլիետտա Հովումյանի գործունեությունը՝ նշելով, որ նա կանգնած է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման ակունքներում: Տիկին Ջուլիետայի անմիջական մասնակցությամբ են իրականացվում մշակութային տարբեր ձեռնարկներ, մասնավորապես, արդեն 10 տարի կազմակերպվող «Մենք եղել ենք, կանք, կլինենք» խորագրով լավագույն ստեղծագործությունների մրցույթը և «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական առաջին, երկրորդ և երրորդ փառատոները: Համահայկական ծրագրերի կազմակերպման գործում ունեցած ակտիվ մասնակցության, Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրել Ջուլիետա Հովումյանին:


Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի արժանացնելու համար՝ տիկին Ջուլիետան նշել է.«ՀՀ սփյուռքի նախարարության այս հսկայածավալ աշխատանքի մեջ իմ աշխատանքընկատելն իսկապես մեծ պատիվ է ինձ համար»:


Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է ատյանի բոլոր անդամների գալիք Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը և մաղթել 2015թ. բեղմնավոր գործունեություն:

Նույն շարքից