Հասարակություն 

Վայոց ձորում 2 տարեց կնոջ սպանության գործով 2-րդ անչափահասն է կալանավորվել

Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության գործով երկրորդ անչափահասն է կալանավորվել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձորի անչափահաս բնակիչ, 1998թ. ծնված Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին եւ Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին եւ հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը:

Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում,  Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն:

Ըստ դերաբախշման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տուն, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում:

Վարդուշ Սիմոնյանից եւ Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

Դիակների արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային  քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Գոհար Բարսեղյանին եւս ինքն է սպանել:

Կատարված քննչական փորձարարությունների ժամանակ նա նկարագրել էր երկու սպանության դեպքերի հանգամանքները:

2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի եւ Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, եւ 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015թ. նոյեմբերի 4-ին Ս.Զ.ն ձերբակալվել է, իսկ 2015թ. նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից