ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջև վիճաբանություն ծագեց:
Կրքերն ԱԺ-ում այնքան թեժացան, որ միջամտեցին ԲՀԿ-ականները՝ հորդորելով հանդարտվել:
Իսկ վեճը սկսեց նրանով, երբ Վարդան Այվազյանը հարկային-մաքսային մասի հաշվետվության ժամանակ հետաքրքրվեց, թե, օրինակ, շենքերի կառուցման համար ինչո՞ւ են արտաբյուջեից ծախսում, բյուջեում թող ամրագրեն, ծախսեն:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ արտաբյուջետային հաշիվների առաջին կիրառումը ՀՀ-ում արել են հարկային մարմինները, հետո՝ մաքսային, ոստիկանություն եւ այլն.
«Կառավարությունը նախահաշիվը քննարկում է, հավանություն է տալիս կամ չի տալիս: Այնպես չի, որ մեր բյուջետային դասակարգման ծախսերից դա տարբերվում է: Եկամուտները կարող են առաջանալ, կարող են չառաջանալ: Բայց տարվա վերջում դա 100 տոկոսով մտնում է բյուջեի եկամուտների ու ծախսերի մեջ»: Իսկ երբ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը սկսեց բացատրել, թե ինչ են անում արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Դե կներեք, էլի, մենք հիմա ամբողջ երկրով գնում ենք ծրագրային բյուջետավորմանը: Ծրագրային բյուջետավորման գործընթացն ինքնըստինքյան բացառելու է արտաբյուջետայինի հետ կապված: Հիմա տույժ-տուգանքներ չե՞ն գնալու բյուջե»:
Արմեն Ալավերդյանի բացատրելով՝ «Հիմա մենք պետք է այսքան շենք կառուցենք, նախահաշիվը կազմվում է, կկառուցենք շենքն այնքան, որքանով մեր արտաբյուջետային միջոցները կբավականացնեն: Չենք ապահովի՝ շենքի կառուցումը հա կհետաձգվի: Բյուջեի մեջ շենքը չկա, եղավ միջոց՝ կկառուցվի, չեղավ՝ չի կառուցվի»: Վարդան Այվազյանն էլ արձագանքեց, թե՝ «Ավելի լավ է չխորանանք»: Սա լսելուն պես Գագիկ Խաչատրյանը միջամտեց. «Պետք ա՝ խորանանք, պարոն Այվազյան, հիմա դրա ժամանակը չի: Պետք ա՝ եկեք նայեք, տեսեք, եթե պետք ա, որ արտաբյուջեն ԱԺ-ն հաստատի՝ կհաստատեն: Բացատրում են, դուք էլի նույն հարցապնդումն անում եք: Հիմա ասում եմ՝ ինչքան պետք ա՝ խորացեք: Կլինի օրենսդրական փոփոխություն՝ փոխեք օրենքը, մենք վախենալու բան չունենք»:
Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով, որ կրքերը շատ են թեժացել, հորդորեցին դադարեցնել վեճը: