Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ Հայ առաքելական եկեղեցու մասով գնահատականներում սխալ թարգմանություն է եղել:
Այս մասին այսօր մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ , իրավագետ Հրայր Թովմասյանը` ասելով. «Զուտ թարգմանության սխալ էր, որտեղ ոչ թե մենաշնորհն էր սահմանվում, ես հիմա անգլերեն բառը չեմ հիշում, ու դա ընդամենը թարգմանության հարց է»,- ասաց նա ու մեկնաբանեց. «Այսինքն` ՀՀ սահմանադրության մեջ արձանագրվում է Հայ առաքելական եկեղեցու կարևոր, նշանակալի, դերակատարությունը, բայց երբեք չենք ասում, որ այն միակն է եղել, կամ մենաշնորհ է ունեցել այս ազդեցության մեջ»:
Հիշեցնենք, որ մամուլով հաղորդվեց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումով էր մոտեցել Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին դրույթին, որն ասում է,որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում:
Այսինքն` համաձայն չէ «բացառիկ» բառի հետ:
Հրայր Թովմասյանը նշեց, որ թարգմանության մեջ այս բառն ուղղակի փոխելու են, և որ այստեղ որևէ խնդիր չկա:
Վերջինս անդրադարձավ նախագծի մի շարք քննադատություններին ևս, մեջբերելով. «Մենք գրում ենք, որ ԱԺ լիազորությունների ժամկետում նոր խմբակցություններ ու խմբեր չեն կարող ձևավորվել: Այսինքն` ինչի ՞մասին է խոսքը, որ եթե այդ խմբակցությունները ձևավորվում են անմիջապես ընտրություններից հետո, և դրանք այն կուսակցություններ են, որոնք հաղթահարել են համամասնական ընտրակարգով 5 տոկոսանոց արգելապատնեշը, չի կարող այնպես լինել, որ դրանցից մեկից երկու-երեք հոգի դուրս գան և նոր խմբակցություններ ձևավորվեն, որովհետև խմբակցությունները սահմանադրական ինստիտուտներ են, և սահմանադրորեն մենք նրանց վերապահել ենք մի շարք իրավունքներ»:
Այս իրավունքներից են սկսած օրենսդրական նախաձեռնություններով առանձին կամ միասին հանդես գալուց վերջացրած ԱԺ հանձնաժողովներում ու այլ կառույցներում ներկայացվածությունից ու ՍԴ դիմելու իրավունքներով:
Հրայր Թովմասյանը պարզաբանեց` այս դեպքում նրանք կարող են հանդես գալ որպես անկախ պատգամավոր, բայց խմբակցություն կարող է միայն ձևավորվել ժողովրդի քվեով: