Ինձ թվում է, որ մեկնաբանությունների մեջ պետք է զգույշ լինենք, նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով մասնակցում է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը:
Բաղդասարյանի խոսքերով, այսօր պետք է բոլորը սգան ծանր կորստի համար. «Մենք շատ առողջ, շատ լուրջ պետական մտածելակերպ ունեցող անձնավորություն ենք կորցրել: Ենթադրություններ անելուց զերծ կմնամ»:
Բաղդասարյանը հայտնեց, որ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մեկ ամիս առաջ. «Շատ բարձր տրամադրություն ուներ: Նա չեր խոսում իր հիվանդությունների, այլ խնդիրների մասին»:
Հարությունյանը չի բողոքել նաև Մարտի 1-ի գործի մասով. «Ընդհանրապես նա բողոքող անձնավորություն չէր, պարզապես մտահոգ էր իր երկրի ճակատագրով: Գիտեի, որ հարցաքննության են կանչել, սակայն այդ թեմաների մասին չէինք խոսում»:
Այլ հարցերի մասին Բաղդասարյանը հրաժարվեց խոսել` նշելով, որ եկել է ճանապարհելու իր ընկերոջը: