Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն Ազգային ժողովում պարզաբանեց, թե ինչու պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ՎՊ 2014թ. տարեկան հաշվետվությունը: Նա ընդգծեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը շատ կարևոր պետական առաքելություն է իրականացնում և այս պահին չի կարող ներկա գտնվել խորհրդարանի դահլիճում: «Մի քանի օր առաջ Իշխան Զաքարյանն ինձ հրավիրել է իր մոտ: Մենք միասին քննարկել ենք իրավիճակը: Շատ լավ գիտենք, որ հաշվետվությունը հենց նա պետք է ներկայացներ, սակայն մեր օրենսդրությունը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ պետք է լինի այն դեպքում, երբ Վերահսկիչ պալատի նախագահը շատ հարգելի պատճառով չի կարող ներկա գտնվել խորհրդարանում հաշվետվության ներկայացման ժամանակ: Ուստի, մենք առաջնորդվել ենք Վերահսկիչ պալատի մասին օրենքով, և քանի որ Ազգային ժողովն այս քառօրյայի օրակարգում ընդգրկել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, այսօր ես եմ այստեղ ներկա, քանի որ Վերահսկիչ պալատի նախագահը շատ կարևոր պետական առաքելություն է իրականացնում և չի կարող այստեղ գտնվել»,-նշեց Ավագյանը:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե Իշխան Զաքարյանի տեղն այս պահին հայտնի չէ՝ Ավագյանն ընդգծեց, որ իրեն հայտնի է Իշխան Զաքարյանի տեղը: «Ասեմ, որ նա շատ հեռու չէ, սակայն այս պահին չի կարող ներկա լինել այս դահլիճում: Ես կարծում եմ, որ դուք էլ շատ լավ գիտեք, թե նա հիմա որտեղ է և ինչ առաքելություն է իրականացնում: Ուղղակի, ես նպատակահարմար չեմ համարում հիմա բարձրաձայնել նրա գտնվելու վայրի մասին: Սակայն, պատգամավորներին կոչ եմ անում սրանից «Կիկոսի պատմություն» չսարքել: Իշխան Զաքարյանը շուրջ երկու ամիս Ազգային ժողովի հանձնաժողովների հետ քննարկել է այս հաշվետվությունը, պատասխանել է պատգամավորների բոլոր հարցերին: Այս դահլիճում որևէ ավելի բան տեղի չի ունենում, ինչ եղել է Ազգային ժողովում: Այս հաշվետվությունը բազմաթիվ անգամներ պատգամավորների հետ քննարկել, լրագրողներին ներկայացրել է Իշխան Զաքարյանը: Հիմա ի՞նչ խնդիր կա»,- ընդգծեց Ավագյանը:
Նա նշեց, որ Իշխան Զաքարյանը մեծ հարգանք ունի Ազգային ժողովի նկատմամբ: «Այն, որ այսօր այստեղ ես եմ նարկայացնում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, դա եղել է Իշխան Զաքարյանի որոշումը, և նման որոշումը բխում է այն հարգանքից, որ Իշխան Զաքարյանը տածում է Ազգային ժողովի նկատմամբ: Եթե Ազգային ժողովը որոշել է, որ այս քառօրյայի ընթացքում պետք է քննարկվի Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, մենք այլ որոշում չէինք կարող կայացնել»,- հայտնեց Ավագյանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալկանն էլ արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորները կարևորագույն հարցի շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու փոխարեն հարցը քաղաքականացրեցին և պատճառ բռնեցին Իշխան Զաքարյանի բացակայությունը` բովանդակային քննարկումից խուսափելու համար: