Քաղաքական 

Վրաստանի ամբողջականությունը վերականգնելու ջանքերը կրկին խաղաղ բնույթ կկրեն

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը կրկին խաղաղ բնույթ կկրեն։ Այս մասին երեկ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը:

 

Դիվանագետների հետ զրույցում նա, մասնավորապես, իր ուշադրությունը կենտրոնացրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ընթացող երկխոսության և դրա արդյունքների վրա:

«Չնայած մեր երկրի 20 տոկոսը դեռևս օկուպացված է, և վարչական սահմանի երկայնքով փշալարերի տեղադրումը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացնում, անցած տարի Ռուսաստանի և Վրաստանի միջև սկսված ուղիղ երկխոսությունն արդեն որոշակի արդյունքներ է գրանցել: Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը և աստիճանաբար մոտենալ դժվար, նուրբ խնդիրների կարգավորմանը»,- ասել է նա:

 

Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերանայումը, ըստ նրա, դրական քայլ կլիներ Ռուսաստանի կողմից՝ հումանիտար հարաբերություններին աջակցելու տեսանկյունից: Երկու երկրների հարաբերություններում վերջին ժամանակներում ձեռնարկված քայլերը որոշակի լավատեսության հիմքեր են տալիս:

«Ձեզ հայտնի են մեր կառավարության գործողությունները՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության վերացմանը՝ պահպանելով այդ գործընթացում Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքները»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նույն շարքից