Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անօրինական է ճանաչել Գորի քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին քաղաքապետի թեկնածու գրանցելու մասին:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով, հանձնաժողովն իր որոշումը մեկնաբանել է այն հանգամանքով, որ Օկրուաշվիլին վերջին 2 տարվա ընթացքում չի բնակվել Վրաստանի տարածքում, ինչն անհրաժեշտ է թեկնածուի գրանցման համար:
Նախքան Վրաստան վերադառնալը Օքրուաշվիլին բնակվել է Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: 2012-ի վերջին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերջինս վերադարձել է հայրենիք, սակայն ձերբակալվել է, քանի որ պաշտոնապես գտնվելիս է եղել հետախուզման մեջ: Ավելի ուշ նրան ազատ են արձակել:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են հունիսի 15-ին: