Ես կարծում եմ, մենք տարեվերջին տնտեսական աճ կունենանք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարք Հորթընի հայտարարությանը, թե Հայաստանն այս տարի կունենա 0% տնտեսական աճ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառ դառնա այն, որ չապահովվի խոստացված 4% տնտեսական աճը, ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, ով հրաժարական տվեց, քանի որ չէր ապահովել խոստացված 7% տնտեսական աճը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե խոսքը տարբեր ժամանակաշրջանների մասին է։
«Այսօրվա գործիքները ուրիշ են, և այսօր այլ գործիքներ է պետք կիրառել, և կառավարությունը փորձում է կիրառել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է որոշ գործարարների մոտ հարկային ստուգումներին, մասնավորապես՝ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությանը, թե անհարկի ստուգումների պատճառով ինքը սնանկացման եզրին է, ԱԺ նախագահը պատասխանեց, թե դատարանը կորոշի՝ անհարկի՞ են, թե ոչ:
Միաժամանակ ԱԺ նախագահը նշեց, թե չի կարծում, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ստվերում է գործում: Լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ նախագահին պատկանող ընկերություններում էլ արդյոք հարկային ստուգումներ անցկացվելո՞ւ են, Սահակյանը պատասխանեց. «Այն ինչի մասին խոսում եք, վաղը ձեզանից եմ պահանջում, նվիրում եմ ձեզ»։