Հայաստան 

Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ Նախագահին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքից։

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը: 

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին: 

Նախագահ Օբաման շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: 

Նախագահ Օբաման ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը: 

Զրուցակիցները ընդգծել են, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: 

Նույն շարքից