Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թվականին էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան սիրված էր դարձել հայերի կողմից,որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց:Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:
Այս առիթով Analitik.am-ը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին,ցանկանում նպատակների իրագործում, սեր և երջանկություն:
Տոնի հաճելի պահերին, սակայն գումարվում են նաև քաղաքացիների մտահոգությունները և դժգոհությունները, որոնք ներկայացնում ենք ստորև:
Հարցմանը մասնակցող տղամարդկանց մեծ մասի կարծիքով շատ լավ է, որ կա այս տոնը, որը գեղեցիկ առիթ է կանանց հաճելի պահեր պարգևելու համար,պարզապես հենց այս օրերին է, որ թանկացումները թույլ չեն տալիս ցանկալի նվերը գնել և նվիրել:
Տղամարդկանց մեծամասնությունը դժգոհում էր նվերների գներից և ավելացնում, որ հենց տոն օրերին պետք է հնարավորինս մատչելի լինեն գները՝գոնե ծաղիկների:
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ այս տոնն ամեն տարի վերածվում է կոմերցիոն գործունեության, սեփական ապրանքը լայնորեն վաճառելու հնարավորության և վաճառողներն օգտվում են այն փաստից, որ տղամարդիկ գումար չեն խնայում իրենց կնոջը նվեր գնելու համար, բայց պետք է ի նկատի ունենալ, որ շատ տղամարդիկ հայտնվում են ծանր կացության մեջ, քանի որ թանկ գների պատճառով չեն կարողանում իրենց սիրելիներին գոնե ծաղիկներ նվիրել: «Աշխարհի շատ երկրներում հենց տոն օրերին են զեղչեր լինում, իսկ Հայաստանում հակառակն է»,- դժգոհեց քաղաքացին:
Մի քանիսի խոսքով էլ բացի վաճառողների ագահությունից կապ ունի նաև այն, որ երբ որևէ ապրանքի պահանջարկը մեծանում է, ապա ստիպված, թե իրենց կամքով տվյալ ապրանքի գինը բարձրանում է: Նրանց կարծիքով՝ առանց այդ էլ գնաճն անցել է բոլոր թույլատրելի սահմանները, իսկ այս օրերին գներն ավելի բարձրացնելն էլ ավելի է բարդացնում հասարակ մարդկանց վիճակը, ովքեր մեր բնակչության մեծամասնությունն են կազմում:
Վերջում տղամարդկանցից մեկն ավելացրեց . «Էական չի՝ կնոջս նվեր գնելու ցանկությունս ինչ-ինչ պատճառներով կիրականանա, թե չէ, ես նրան ամբողջ տարվա ընթացքում էնքան սեր ու ուշադրություն եմ նվիրում, որն ավելի շատ բան ա, քան ամենաթանկ նվերը, դրա համար, եթե չկարողանամ էլ գնել, ինքը կհասկանա ու չի նեղանա... ինչ անենք, մեր երկրի վիճակն էլ էսենց ա»: