2018 թվականի հունվարին ում ասեիր, որ Հայաստանում մայիսին հեղափոխություն է լինելու, կասեին՝ լավ չես ընկեր, բայց քայլ առ քայլ մենք հասկացանք, որ դա շատ պարզ գործողություն է և մենք արեցինք դա, ու մինչև հիմա ամբողջ աշխարհը չի հասկանում, թե ինչպես դա տեղի ունեցավ: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, քարոզարշավի ժամանակ հայտարարեց Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հյուսիսում կասկածում են արևմուտքին, արևմուտքում՝ արևելքին, արևելքում՝ հարավին, հարավում՝ հյուսիսին:
Փաշինյանի խոսքերով, ոմանք նույնիսկ մութ ուժերի են տեսնում այս ամենի ետևում. «Այսօր տեղեր կան, գրում ու ասում են, որ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո Սորոսն էնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անի այն, ինչ մենք արեցինք: Ես բոլոր տեղերում ասում եմ՝ մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր: Մենք թույլ չենք տվել ու չենք տալու, որ որևէ օտար ուժ մտնի և Հայաստանում հարցեր որոշի: Սա մեզ համար ազգային ու անձնական արժանապատվության խնդիր է: Մեր փոխարեն որևէ մեկը որոշում չի կայացնելու, որովհետև հայ ժողովուրդն առաջնորդ ժողովուրդ է»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, մեզ փորձում են համոզել, որ փոքր, հուսահատ, խեղճ ժողովուրդ ենք, սակայն 2018 թվականին մենք ապացուցեցինք հակառակը: