Դա երկու ամսվա տեսանյութ է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ խոսելով Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի հետ հանդիպման տեսանյութի մասին և հերքելով այն, թե այդ հանդիպմանը պայմանավորվել են, որ վերջիններս միանան Ռոբերտ Քոչարյանի ազատության համար տարածված հայտարարությանը:
Լևոն Քոչարյանի խոսքերով, երևում է, որ դա հեռախոսով նկարած չէ. «Ոնցոր թե լուրջ նկարած է: Ես իմ ընկերների հետ նստած էի, երբ պատահաբար տեսա նրանց: Մոտեցել եմ բարևել, զրուցել: Չեմ էլ հիշում, թե ինչի մասին ենք խոսել»:
Խոսելով ցուցակի մասին՝ Լևոնը նշեց, որ չի եղել գեթ մեկը, ով իր համաձայնությունը չի տվել. «Ես ուղղակի ինձ թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Գեթ մեկը չի եղել, ով չի համաձայնվել»:
Լևոնն ասաց, որ իրենք տեղյակ են եղել ստորագրահավաքի մասին, չեն հսկել դա, իսկ ապացույցներն ունեն նրանք, ովքեր խոսել են այդ գործիչների հետ. «Ինչպես ես հասկանում եմ, որպես այդպիսին ստորագրություն չի եղել, ուղղակի հայտարարությանը միանալու համաձայնություն է եղել: Եթե ինչ-որ մարդ կա, ով տեքստին ծանոթ չի եղել, դրա համար ներողությում եմ խնդրում, սակայն դա գրեթե բացառում եմ»:
Կրտսեր Քոչարյանի խոսքերով, մարդիկ, ովքեր ասում են, որ չեն ստորագրել, հնարավոր է, որ բառախաղ են անում: Իրականում ճիշտ են ասում՝ ստորագրություն որպես այդպիսի չի եղել. «Հայտարարություն անողների վրա իրականացված հարձակման արդյունքում մարդիկ մեղավորության զգացում ունեցան: Ով ետ է կանգնել, հասկանում եմ նրանց, չեմ մեղադրում, հանրային մարդիկ են, միգուցե զգայուն կերպով են դա տանում: Եղան նաև մարդիկ, ովքեր ասացին, որ այո, միացել են»:
Լևոնի խոսքերով, հայտարարության մեջ որևէ քաղաքական քայլ չկա, որևէ մեկը որևէ մեկին մեղավոր կամ անմեղ չի ճանաչում, ուղղակի հումանիստական քայլ էր, որն արվել է. «Որևէ մեկը չի ասում, որ պետք է գործը կարճվի»:
Ստորագրահավաքը կազմակերպել է հանձնախումբը, որը ղեկավարում է Աղվան Վարդանյանը: