Կենսաթոշակային օրենքի հարցով ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ քաղաքացիները կարող են դիմել դատարան, ապրիլի 8-ին հայտարարել է փաստաբան Նորիկ Նորիկյանը՝ մեկնաբանելով կենսաթոշակային բարեփոխման հարցով ՍԴ որոշումը: «Այսպես թե այնպես, մինչեւ սեպտեմբերի 30-ն իրավունք ունեք կենսաթոշակային հատկացումներ չանել, քանի որ վաղ թե ուշ դրանք պետք է վերադարձվեն», - վստահեցրել է Նորիկյանը:
Գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի կարծիքով էլ, ՍԴ-ն մեկ նպատակ ուներ. երկրի ղեկավարությանը տալ մի քանի ամիս ժամանակ՝ բարեփոխման անհրաժեշտությունը մարդկանց ապացուցելու համար:
Եթե խոսենք գործատուների տեսանկյունից, ապա նրանք նոր ոչ պաշտոնական պարտավորություն ունեն՝ իրենց աշխատողների կենսաթոշակային պահումները փոխանցել հիմնադրամների կառավարիչներին: «Գործատուն պարտավոր չէ դա անել: Որպեսզի նա, այնուամենայնիվ, դա անի, պետք է որեւէ կերպ պատճառաբանել: Օրինակ՝ թող նրան թույլ տան այդ գումարը պահել իր մոտ շրջանառության մեջ՝ երեք ամիս: Այսպես թե այնպես, գումարը չի կորչում, ձեռնարկությունն էլ ավելացնում է շրջանառվող կապիտալը», - նշել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց աղմկահարույց օրենքի մի շարք դրույքներ: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: