Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի հետ կապված զեկուցվել է, որ, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, մրցույթին մասնակցելու որևէ հայտ առայսօր չի ստացվել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադառնալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ անդրադառնալով հարցին՝ Տարոն Մարգարյանը ասել է. «Ավտոբուսային և միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին-առանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, և նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը»։