Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող սիրելի հայրենակիցներ,
«Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամը ահազանգում է, որ վերջին երկու օրերին Հայաստանում իշխող բռնատիրական ռեժիմը սկսել է ահեբեկչական գործողություններ իրականացնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ։
Նոյեմբերի 27–ին, անհայտ անձիք, Խանջյան փողոցի վրա հարձակում են գործել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա, հարվածել նրան ետևից, որի արդյունքում քաղաքացիական ակտիվիստը կորցրել է գիտակցությունը և վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նոյեմբերի 27–ի գիշերը Երեւանի տարբեր վայրերում հրկիզվել են Նախախորհրդարանի, Հիմնադիր խորհրդարանի եւ քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների համար պայքարող այլ շարժումների մասնակիցների յոթ ավտոմեքենաներ։ Սա աննախադեպ սադրանք է, որը շարունակությունն է այս հանցավոր իշխանությունների կողմից որդեգրված պետական ահաբեկչության քաղաքականության եւ նպատակ է հետապնդում վախի ու հուսալքման մթնոլորտ ստեղծել երկրում եւ անարգել դարձնել անկախության կորստի խայտառակ գործընթացը։ Այս ահաբեկչական գործողությունները Հոկտեմբերի 27–ի ու Մարտի 1–ի հիշեցումն են և չեն կարող չընկալվել որպես նորանոր հարձակումների սպառնալիք։
Նույն այս օրերին Հայաստանում իշխանությունը զավթած բռնակալները կեղծ հայրենասիրական կոչերով դիմում են Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ «բարեգործական դրամահավաք» կազմակերպելու համար։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք եւ բազմիցս բարձրաձայնել ենք այդ հանգանակած գումարները անամոթաբար մսխելու ու թալանելու փաստերի մասին։
«Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամը հորդորում է Հայրենիքի ու Սփյուռքի հայրենակիցներին ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ՉՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻՆ։
Մենք համերաշխություն ու քաղաքացիական խիզախություն ենք ակնկալում աշխարհասփյուռ հայությունից՝ հանուն մեր ընդհանուր Հայրենիքի ազատագրման։
Մենք ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները բռնապետական ռեժիմի կոռուպցիոն նպատակներին ծառայող Համահայկական հիմնադրամի փոխարեն գումարներ փոխանցեն «Իրավունք եւ աջակցություն» իրավապաշտպան հիմնադրամին՝ այս օրերի ընթացքում ռեժիմի ահաբեկչական գործողություններից տուժած քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու և պայքարի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։