Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, պատասխանելով հարցին, թե որը կլիներ իր առաջին քայլը, եթե իր թեկնածությունն առաջադրվեր վարչապետի պաշտոնում, հայտարարել է, թե իր ֆանտազիան չի հերքում, որ կարող էին իր թեկնածությունն առաջադրել:
Շարմազանովի խոսքերով, քաղաքականության մեջ ինքը դեռ շատ-շատ քայլեր պետք է կատարի այդ մակարդակին հասնելու համար. «Ես կարծում եմ, որ ինձ նման գործիչները դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի հասնեն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին: Մենք ընդամենը քաղաքական գործիչներ ենք, իսկ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, որ 88-ից մինչև այսօր բոլոր պետական, ազգային մարտահրավերների կիզակետում է եղել»:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ պետությունը բազմաթիվ մարտահրավերներ ունի, որոնք լուծում են պահանջում. «Եթե մենք ունենք ավելի պատրաստված գործիչ, նշեք անուններ: Բայց էլի եմ ասում, ժամանակը կգա, կքննարկենք: Իմ կարծիքը ես մեկ անգամ չէ, որ ասել եմ: Թե ինչպիսի կարգավիճակով կլինի Սերժ Սարգսյանի դերակատարումը, կորոշի կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին: Բայց անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, քաղաքական մեծամասնության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը»: