Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի համոզմամբ՝ Երևանում տրանսպորտի թանկացման դեպքում այս անգամ ընդվզումն ավելի վատ կլինի, որովհետև քաղաքացիները հիմա ավելի շատ դժգոհություններ ունեն, և այս անգամ հաստատ սոցիալական բունտ կլինի:
«Քաղաքական պրոցեսներից է կախված, թե տրանսպորտի սակագինը ինչ կլինի, բայց նման տրանսպորտի ու երթևեկության համար 100 դրամն էլ է շատ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանից ուղեվարձի սակագինը 200 և ավելի դրամ են ներկայացնում, որ հետո ավելի հեշտ լինի 150 դրամ սահմանելը՝ մարդկանց համոզելով, որ զիջումների են գնացել. «Բայց մեզ համար դա էլ ընդունելի չէ»:
Ինչ վերաբերում է «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանի հայտարարությանը, թե՝ ոչ վճարունակները թող ոտքով երթևեկեն, քաղաքացիական ակտիվիստը հայտարարեց. «Ես ուզում եմ նրան ասել, որ ոչ ոք իրավունք չունի նման կարծիք արտահայտել, չի կարելի քաղաքացիների մասին հեգնանքով խոսել»:
Իսկ Հրանտ Եղիազարյանի այն դիտարկմանը, թե նախորդ թանկացման ժամանակ քաղաքացիները վճարում էին 150 դրամ, սակայն ակտիվիստների աղմուկից հետո սկսեցին չվճարել, Անի Կաղինյանը մեկնաբանեց. «Ազգաբնակչության 50 տոկոսը 100 դրամ էր տալիս, կային մարդիկ, որ վախից 150 էին տալիս, որ վարորդների վատ վերաբերմունքին չարժանանան: Բայց եթե ակտիվիստները կարողացել են ինչ-որ բան փոխել ազգաբնակչության մեջ, ես դա դրական եմ գնահատում: Ես՝ որպես քաղաքացի, չեմ պատրաստվում 150 վճարել»: