«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող առողջապահական մի շարք նախագծեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեանի հանդիպման ժամանակ: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ՉԱՈՒՄ-Դիլիջան հակատարիքային առողջարանային կենտրոնի ստեղծման նախագծին, առողջապահական տուրիզմի զարգացման և Հայաստանի առողջապահական ոլորտի խորքային ուսումնասիրության հարցերին:
Դիլիջանի առողջապահական կենտրոնի ստեղծմամբ նպատակ կա Հայաստանը դարձնել առողջապահական տարածաշրջանային հանգույց. այցելուներին կսպասարկեն նորարարական առողջապահական չափանիշերով գործող գերժամանակակից բժշկական և առողջարանային կենտրոններ Դիլիջանում։ Հանգույցը բժշկական ծրագրերը կզուգորդի առողջության, հանգստի և կրթական ծրագրերի հետ՝ ապահովելու ամբողջական մոտեցում:
IDeA հիմնադրամը ստեղծվել է սոցիալական ներդրողներ ու բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից, իրականացնում է սոցիալ-տնտեսական զարգացում ապահովող ծրագրեր: Մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամը ներգրավում է տեղական համայնքներն ու միջազգային շահառուներին այնպիսի կայուն ծրագրերի ստեղծման գործում, որոնք երկարաժամկետ, սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն ունեն Հայաստանի համար։
Նախարար Թորոսյանը հետաքրքրվել է հիմնադրամի ծրագրերի մանրամասներով, դրանցից ակնկալվող արդյունքներով, մասնագիտական ռեսուրսով, ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերով ու որոշ կարգավորումների անհրաժեշտությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կրկին անդրադառնալ դրանց: