Քաղաքական 

Քոչարյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտ գնալու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել իր կուսակցությունը և անցնել ընդդիմադիր դաշտ:

«Եթե վերադառնում ենք քաղաքականություն, պետք է այդ մասին մտածել»,-ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք կուսակցություն ստեղծել:

Նախկին նախագահի խոսքերով, կուսակցության անվանման մասով որևէ սկզբունքայնություն չկա. «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել…Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և ենթադրում եմ, որ այն պետք է լրացվի ի շահ երկրի»:

Քոչարյանը հայտարարել է, որ նպատակ չունի զբաղեցնելու բարձր պաշտոն. «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի չէի ապրի իմ կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ պայմանները քեզ ներքաշում են գործընթացների մեջ, ինչից դու չես կարող խուսափել՝ հաշվի առնելով կենսագրությունդ, բնավորությունդ և դիրքորոշումդ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի ցանկանում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, երկրորդ նախագահը նշել է, որ ուղղակի չի հասցնի:

«Ես անկուսակցական եմ եղել, դա նշանակում է, որ կուսակցություն պետք է ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը եղել է: Ընդ որում, ես կցանկանայի ընտրություններին մասնակցել նոր, թարմացված թիմով»,-ասել է նախկին նախագահը:

Քոչարյանի խոսքերով, քաղաքական գործընթացներին պետք է ներգրավվել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լեցուն մարդկանց. «Իհարկե հին թիմից ինչ-որ մարդկանց պետք է ներգրավվել: Նրանք այն մարդիկ են, ում գիտես, աշխատել ես նրանց հետ: Սակայն պետք է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, պետք է ժամանակ»:

Նույն շարքից