Ամերիկացի կոնգրեսականները մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, ինչի կապակցությամբ երկրի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել օրենսդիրներին նախապատվությունը տալ դիվանագիտությանն ու Թեհրանին տալ հնարավորություն։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Միացյալ Նահանգների ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է բազմիցս հնչեցված այն միտքը, որ նոր պատժամիջոցները կվնասեն իսլամական պետության հետ ձեռք բերված միջուկային համաձայնության իրականացմանը։
«Ես նախընտրում եմ խաղաղությունն ու դիվանագիտությունը։ Նոր պատժամիջոցներ սահմանելու փոխարեն հարկավոր է Իրանի առաջ «հնարավորության դուռ» բացել, որպեսզի այդ երկիրը կարողանա բարելավել հարաբերություններն արտաքին աշխարհի հետ»,-ասել է նա։
Սպիտակ տունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Օբաման վետո կկիրառի պատժամիջոցների սահմանման վերաբերյալ Կոնգրեսի ցանկացած օրինագծի դեպքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ժնևում բանակցային գործընթացի շրջանակներում Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև ձեռք է բերվել միջուկային պատմական համաձայնություն, որի իրականացումը կսկսվի հունվարի 20-ից։
Համաձայնությունը ենթադրում է, որ Իրանը 6 ամսով պետք է դադարեցնի կամ էլ մասամբ սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը, ինչի փոխարեն Արևմուտքը պետք է վերացնի կամ մեղմի իսլամական պետության դեմ կիրառվող պատժամիջոցները։